Ավարտվեց ծանրամարտի հանրապետական պատանեկան առաջնությունը: Այն աչքի ընկավ մասնակիցների բավական մեծ թվակազմով` շուրջ 165 ծանրորդ-ծանրորդուհի: Եթե աղջիկների մրցակցությունը, հար և նման օրեր առաջ կայացած մեծահասակների առաջնությանը (ժամանակը կգա` կխոսենք մեր մեծահասակների մրցելույթից), չառանձնացավ բարձր արդյունքներով, ապա նույնը չի կարելի ասել տղաների մասին: Քանի որ այս առաջնության արդյունքներով կազմավորվելու են ապրիլին ՈՒզբեկստանում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելիք մեր հավաքականները, իսկ նրանք դեռ ունենալու են ուսումնամարզական հավաք, որի լուսաբանումն արդեն իսկ պլանավորել ենք, ուստի այստեղ ներկայացնենք միայն հաղթողներին: Աղջիկներից հանրապետության չեմպիոններ են դարձել Լիանա Գյուրջյանը (44 կգ), Երանուհի Պետրոսյանը (48 կգ), Մարգարիտ Ղազարյանը (53 կգ), Շուշան Հակոբյանը (58 կգ), Ռոզալյա Ավետիսյանը (63 կգ), Տաթև Հակոբյանը (69 կգ), Արևիկ Միրզախանյանը (+69 կգ): Տղաներից հաղթել են Մարզպետ Մինասյանը (50 կգ), Դավիթ Գասպարյանը (56 կգ), Էդմոն Բաղդասարյանը (62 կգ), 69 կգ քաշային կարգ տեղափոխված Ժորժ Եղիկյանը, Մանուկ Մկրտչյանը (77 կգ), Կարեն Պեպանյանը (85 կգ), Գևորգ Քյափանակցյանը (94 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (+94 կգ):
Ավելացնենք, որ 2014 թվի պատանեկան օլիմպիական խաղերին ընդառաջ տաշքենդյան առաջնությունը վարկանիշային է, և մենք լավ ներկայանալու խնդիր ունենք: Ակնհայտ է նաև, որ աշխարհի առաջնությանը փորձելու ենք մասնակցել ամբողջական կազմով, ինչը, բնականաբար, չի նշանակում քաշային բոլոր կարգերում ներկայացվածություն: Տղաներից մեր գլխավոր հարվածային ուժը կա և մնում է +94 կգ քաշային կարգ տեղափոխված Սիմոն Մարտիրոսյանը, ով չեմպիոնական իր տիտղոսն ապահովեց ընդամենը երկու մոտեցում կատարելով: Ճիշտ է, պատանեկանում երկամարտի նրա ցույց տված 312 (137+175) կիլոգրամը միջազգային մրցաշարերի առումով առանձնապես բան չասող ցուցանիշ է, սակայն օրեր առաջ Հայաստանի մեծահասակների առաջնությունում Սիմոնի բարձրացրած կիլոգրամները խոսում են այն մասին, որ տղան ապրիլյան առաջնության գլխավոր թեկնածուներից է մեդալների համար պայքարում: Հուսադրող են նաև Ժորժ Եղիկյանի, Մարզպետ Մինասյանի արդյունքները:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ